Ահա թե ինչ հետևանքներ ունեցավ Սոչիի գործարարի գործնական խնդրի լուծումը ՌԴ վարչապետի հետ՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացնելու վաղը: Թեև ինքն իրեն կարող էր նվեր անել այսօր ու ծննդյան օրը դուրս գար ՀՀԿ-ից՝ կուսակցություն, որ իրեն «չհասկացավ»: Վաղը նա հայտարարություն կանի: Իբրև փորձված ինտրիգան՝ Հովիկ Աբրահամյանը ժամանակ է տալիս ինքն իրեն ու մնացածներին՝ իր հետ բանակցելու, իրավիճակ փոխելու կամ ընդունելու մարտահրավերը, որ ՀՀԿ-ից դուրս եկող, բայց քաղաքականության մեջ մնացող Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է նետել: Թե ո՞ւմ: Կերևա: Սա այն դեպքն է, որ Հովիկ Աբրահամյանը բազում տարբերակներ ունի:
1. Հովիկ Աբրահամյանը դուրս չի գալիս ՀՀԿ-ից: Այսօրվա բազում հաստատումներից հետո դա անլուրջ է, բայց անհավանական չէ:
2. Հովիկ Աբրահամյանը դուրս է գալիս ՀՀԿ-ից ու իբրև միայնակ գայլ սեփական քաղաքական ուժն է ձևավորում՝ հաջորդ ընտրությունների թիրախով: Սա լուրջ է, բայց, դատելով Հովիկ Աբրահամյանի անհամբերությունից, ամեն ինչ այստեղ ու հիմա, ոչ թե հետո ու ինչ-որ տեղ ունենալու բնավորությունից, քիչ հավանական է:
3. Հովիկ Աբրահամյանը իր ֆինանսական, մարդկային ռեսուրսներն ու կապերը ի սպաս է դնում՝ միանալով Ծառուկյանի դեռ անհայտ կազմ ունեցող դաշինքին: Սա թվում է ամենահավանական տարբերակը, բայց միանգամից հարվածի տակ է դնում Ծառուկյան դաշինքը, իսկ Ծառուկյանը գերադասում է այլընտրանք լինել:
4. Հովիկ Աբրահամյանը իր բոլորս ռեսուրսներով միանում է «Երրորդ հանրապետություն», «Համախմբում», ՀԴԿ դաշինքին, հայտարարում է, որ կիսում է նրանց մտահոգությունները ու պատրաստ է իշխանափոխության: Սա էլ է հավանական տարբերակ, բայց նույնպես խոցելի է դարձնում դաշինքը, որ այլևս զրկվում է մանևրից:
5. Հովիկ Աբրահամյանը դառնում է բուֆեր, որ ընտրությունների նախօրեին միավորում է Ծառուկյանի և «Երրորդ հանրապետություն», «Համախմբում», ՀԴԿ դաշինքները՝ ստեղծելով, ինչպես նրանք առանձին-առանձին հայտարարել են, լայն համախմբում ու ծավալուն հակաիշխանական պլատֆորմ: Սա հեռագնա տարբերակ է, որ փոխում է ուժերի հավասարակշռությունը դաշտում, բայց հաջողության դեպքում բերում է ընդամենը իշխանության դեմքերի փոփոխություն, այլ ոչ համակարգային իշխանափոխություն:
6. Հովիկ Աբրահամյանը, այս բոլոր տարբերակների մեջ, մեծ ընտրություն ունենալով՝ իրական ընտրություն չունի, որովհետև ցանկացած դեպքում նախապատրաստում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, իսկ իրեն այդ պարագայում մնում է ոչ թե վարչապետի ցանկալի, այլ՝ նախագահի ձևական պաշտոնը:
7. Հովիկ Աբրահամյանը իրոք էլ առերևույթ մեծ ընտրություն ունենալով՝ համարյա ընտրություն չունի, որովհետև ՀՀԿ-ն ու ՀՀԿ նախագահը իրական սպառնալիքի դեպքում հանգիստ ու հեզաբարո չեն սպասելու հակառակ դարձած կողմի քայլերին՝ երկրորդ քաղաքական կրկեսի հեռանկարը շատ ռեալ է դառնում՝ այդ պլատֆորմում ընդգրկված բոլոր գործիչների համար, որոնք միասին ու առանձին-առանձին կարող են դառնալ քրեական գործերի հերոսներ ու մեղադրվել հակապետական հեղաշրջում կազմակերպելու մեջ՝ նախքան ընտրությունները: Սա անցանկալի, բայց անխուսափելի հեռանկար է՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի իշխանական լծակները, իշխանություն մնալու ցանկությունն ու հնարավորությունները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ի՞նչ կապ ունի Մոսկվան: Կվերադառնա վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայից ու մի քանի օրում պարզ կդառնա, թե ի՞նչ սցենար է Մոսկվան նախապատրաստում Հայաստանում: Չի բացառվում, որ այս ամենը ընդամենը Կրեմլի արձագանքն է ՀՀ վարչապետին համատիրության տեղեկանք չտալու, հետևաբար 2018-ից հետո վարչապետ մնալու հեռանկարին: Բոլոր դեպքերում՝ սկսվում են բուն քայլերը քաղաքական դաշտում, այլևս դիմակները հանվում են, գործիքներն ու գործիչները անցնում են գործողությունների՝ գնահատելով ժամանակի ամեն ժամն ու րոպեն: